Անոթների դուպլեքս հետազոտություն
Գլխավոր / Անոթների դուպլեքս հետազոտություն
Դուպլեքս սկանավորումն ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն է, որն իր մեջ ներառում է գունային դոպլեր նկարահանում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Դուպլեքս սկանավորման առավելություններն են՝ մեթոդի բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Այն անփոխարինելի մեթոդ է կլինիկական նյարդաբանության և անոթային վիրաբուժության բնագավառում: Գլխուղեղի անոթների դուպլեքս սկանավորումը հնարավորություն է տալիս հայտնաբերել քնային զարկերակների ստենոզը, գլխուղեղի անոթների օկլյուզիոն և ստենոտիկ ախտահարումները, գնահատել հեմոդինամիկ և պաթոգենետիկ նշանակությունը: Հետևաբար այն կարելի է կիրառել որպես սկրինինգային մեթոդ գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ: Ներկայումս գլխի և պարանոցի դուպլեքս սկանավորումը հանդիսանում է հիմնական ախտորոշիչ մեթոդ տվյալ հատվածների անոթների տարբեր ախտաբանությունների հայտնաբերման մեջ: Գլխի անոթների դուպլեքս սկանավորում կատարվում է հետևյալ դեպքերում.
- Ցերեբրովասկուլյար անբավարարության սուր կամ քրոնիկ կլինիկական նշանների առկայություն
- Սրտաբանական տարբեր ախտաբանությունների ժամանակ վիրահատության պլանավորում (առաջին հերթին՝ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ ստենտավորում)
- Ցերեբրովասկուլյար ախտաբանությունների առաջացման ռիսկի առկայություն (ծխել, զարկերակային հիպերտենզիա, ճարպակալում, հիպերլիպիդեմիա, շաքարային դիաբետ)
- Համակարգային հիվանդությունների ժամանակ զարկերակային համակարգի ախտահարում
- Հարակից հյուսվածքների և օրգանների հիվանդություններ՝ էքստրավազալ ազդեցության հավանականությամբ:
Տրանսկրանիալ դուպլեքս սկանավորումը ցուցված է, եթե առկա է.
- Բրախիոցեֆալ անոթների օկլյուզիոն կամ ստենոտիկ ախտահարումների ժամանակ
- Գլխուղեղի սուր կամ քրոնիկ իշեմիայի նշանների հայտնաբերում՝ չհաստատված անորոշ պատճառների ժամանակ
- Ներգանգային հիպերտենզիաների ժամանակ
- Ցերեբրովասկուլյար անբավարարությունների ժամանակ բուժման արդյունավետության գնահատման նպատակով
- Վիրաբուժական ռեվասկուլարիզացիայի տարբեր ստադիաներում անոթների վիճակի գնահատման համար
Ստորին վերջույթների դուպլեքս սկանավորումը ցուցված է, եթե առկա է.
- Սրունքի, ոտնաթաթի այտուց
- Ստորին վերջույթներում ցավ և անհարմարավետության զգացում շարժման և հանգստի ժամանակ
- Ցնցումային կծկանքներ, ձգման զգացում ոտնաթաթի մատներում
- Ծանրության զգացում ստորին վերջույթներում
- Մաշկային ծածկույթների գունատություն կամ մգացում, կարմրություն կամ պնդացում
- Անոթային աստղիկներ, ենթամաշկային երակների արտահայտված փոփոխություններ
- Տրոֆիկ խոցեր
- Պուլսի բացակայություն Որովայնային աորտայի և ընդերային ճյուղերի դուպլեքս սկանավորումը ցուցված է, եթե առկա եմ.
- Որովայնի խոռոչի օրգանների և հետորովայնամզային տարածության սուր և քրոնիկ հիվանդություններ
- Անոթների բնածին արատների կասկած
- Անևրիզմայի նշաներ
- Ծավալային ախտաբանական գոյացությունների առկայություն
Դուպլեքս սկանավորումն օպերատոր-կախյալ մեթոդ է: Սակայն մեթոդի հաջողության գրավականը բացի մասնագետի գիտելիքներից և աշխատանքային փորձից, կախված է նաև կիրառվող սարքավորման որակական բնութագրից: «Աստղիկ» բժշկական կենտրում դուպլեքս սկանավորումն իրականացվում է վերջին սերնդի General Electric Logic E10 և Canon Toshiba I 900 սարքավորումներով: